National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
14.03.2019
Արարատ Միրզոյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահի գլխավորած պատվիրակությանը
1 / 7

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 14-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումն ընթացել է ընդլայնված կազմով:

Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակության ներկայացուցչական այցը նոր խթան կհանդիսանա հայ-վրացական բարեկամական հարաբերությունների առավել խորացման ու ամրապնդման գործում: Ազգային ժողովի նախագահը կարեւորել է եղբայրական ժողովուրդների ավանդական ու առանձնահատուկ կապերը՝ հիմնված ընդհանուր պատմության, մշակութային ու հոգեւոր արժեքների վրա: Խորհրդարանի ղեկավարն առանձնացրել է նաեւ Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների միջեւ կապերի ակտիվացումը՝ նշելով, որ առաջիկայում կձեւավորվի պատգամավորական բարեկամական խումբը:

Խոսելով միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցության կարեւորության մասին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ երկկողմ ընդունելի հարցերում պատվիրակությունները մշտապես աջակցում են միմյանց: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարի գնահատմամբ՝ տարբեր դիրքորոշումներ ունեցող հարցերում պատվիրակությունները պետք է առաջնորդվեն միմյանց առնվազն չվնասելու սկզբունքով:

ԱԺ նախագահն անդրադարձ է կատարել տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ ՀՀ ԱԺ խոսնակն ընդգծել է, որ մեր երկրի իշխանությունները կողմ են խնդրի խաղաղ բանակցային կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում՝ հավելելով, որ Վրաստանը՝ որպես ԵԱՀԿ մասնակից պետություն, միացել է Մինսկի խմբի ձեւաչափում կարգավորմանը: «Ուստի, մենք պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի հավասարակշիռ ու չեզոք ձեւակերպումներն այսուհետ եւս ուղենիշ լինեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բոլոր հայտարարություններում»,-ընդգծել է Արարատ Միրզոյանը: Այս համատեքստում նա իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարների՝ 2018թ. հոկտեմբերի 29-ի համատեղ հայտարարության վերաբերյալ, որտեղ նշվում էր հակամարտության կարգավորման սկզբունքներից միայն մեկը: ԱԺ նախագահի խոսքով՝ հայ հասարակության շրջանում մտահոգություն են առաջացրել նաեւ Վրաստանի նախագահի՝ վերջերս Բաքու կատարած այցի ընթացքում հնչած որոշ ձեւակերպումներ: Այս առումով խորհրդարանի ղեկավարն անընդունելի է համարել տարբեր հակամարտությունների համար ընդհանրացված մոտեցումները:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է մի շարք ոլորտներում փոխգործակցության առավել ակտիվացումն ու համատեղ ծրագրերի իրականացումը, անդրադարձել հայ համայնքի գործունեությանը՝ ընդգծելով, որ հայերը դարեր շարունակ իրենց նշանակալի ներդրումն են ունեցել Վրաստանի տնտեսական, քաղաքական, մշակութային կյանքում եւ կարող են լինել հուսալի կամուրջ երկու երկրների հարաբերությունների առավել ամրապնդման հարցում:

Վրաստանի նախագահը, դրական գնահատելով խորհրդարանական դիվանագիտության դերը, եւս անհրաժեշտ է համարել երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ ակտիվ համագործակցությունն ու փոխայցերը:

«Կարեւոր է, որ մեր կայուն հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ անկախ քաղաքական ուժերի փոփոխությունից: Մենք՝ որպես հարեւան պետություններ, պետք է ունենանք սերտ հարաբերություններ: Այդ կապերը պետք է առավել խորանան եւ ընդլայնվեն»,-ասել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մտահոգություններին՝ Սալոմե Զուրաբիշվիլին ներկայացրել է իր դիրքորոշումը՝ եւս կարեւորելով տարածաշրջանի հակամարտությունների բացառապես խաղաղ եւ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան կարգավորումը: Նրա խոսքով` տարածաշրջանի հակամարտությունները խոչընդոտում են համատեղ առաջընթացին:

Արարատ Միրզոյանը նշել է, որ առաջիկայում պատրաստ է սիրով ընդունելու իր վրացի գործընկերոջը՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեին:

Հանդիպման ավարտին Վրաստանի նախագահը գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի պատվավոր հյուրերի մատյանում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am